ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարևոր է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել է հինգշաբթի Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է dpa-ն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն անհանգստացնում է այն, որ Շենժենում բանակցությունների ժամանակ Թրամփը Պուտինին «ընկեր» է անվանել, Ռյուտեն բացասական պատասխան է տվել։
«Մի՛ մոռացեք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խոշոր միջուկային տերություններ են, իսկ Չինաստանը դառնում է միջուկային տերություն»,- լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բեռլինում՝ Ուկրաինային աջակցող երկրների հանդիպման շրջանակում։
«Միանգամայն բնական է, որ այս առաջնորդները հանդիպում են և փորձում պայմանավորվել առաջ շարժվելու լավագույն ուղու շուրջ»,- հավելել է նա։
Ռյուտեն նաև հայտարարել է, որ Թրամփը շարունակաբար «հերկուլեսյան ջանքեր» է գործադրում Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, և ընդգծել, որ կարող է միայն ողջունել այդ քայլերը։
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը հինգշաբթի Շենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում, առաջին անգամ եռակողմ բանակցություններ են անցկացրել։ Դրանց նախորդած երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը ջերմորեն ողջունել է Ռուսաստանի առաջնորդին՝ ասելով. «Նա իմ ընկերն է»։





























