Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետության ղեկավարը չպետք է հայհոյի ենթականերին, նույնիսկ եթե նրանք դրան արժանի են։ Միաժամանակ նա խոստովանել է, որ ինքն էլ երբեմն դիմում է հաղորդակցության այդ ձևին, մասնավորապես՝ դաշտում գյուղատնտեսության նախարարի հետ զրուցելիս, իսկ հետո ներողություն է խնդրում։

Դրա մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում՝ դատական համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ։ Նրա ելույթից տեսանյութի մի հատված հրապարակել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը։

«Իմ սկզբունքն է, դուք էլ առաջնորդվեք դրանով. Նախքան ուրիշներին պահանջներ ներկայացնելը հայելուն նայիր։ Ես դա անում եմ ամեն օր։ Ամեն օր ինքս ինձ հարցնում եմ՝ ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Դաշտում գյուղատնտեսության նախարարին հայհոյում եմ. դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հետո նրանից ներողություն եմ խնդրում»,- պատմել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի կարծիքով՝ նախագահը չպետք է անպարկեշտ արտահայտություններ օգտագործի ենթակաների հասցեին, նույնիսկ եթե նրանք իսկապես արժանի են նկատողության։

Միաժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես անթույլատրելի է, երբ ենթակաները խաբում են ղեկավարին։ Նա քննադատել է այն դեպքերը, երբ պաշտոնյաները ստում են՝ չնայած պետական միջոցների զգալի ծախսերին։

«Հատկապես, երբ ստում են, երբ դրա վրա ահռելի գումարներ են ծախսում… Դա անթույլատրելի է»,- հայտարարել է Լուկաշենկոն։