Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս երկու զոհի մարմին։ Ավելի վաղ հայտնաբերվել էին երկու կնոջ և մեկ երեխայի մարմիններ։
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է արդեն ավելի քան տասը ժամ։ Շենքի փլուզված շքամուտքի փլատակների տակ դեռ երկու մարդ կա, որոնց որոնումները փրկարարները շարունակում են։
Գործողությանը ներգրավված է մինչև 150 հրշեջ-փրկարար։ Նրանք շնագետների և հատուկ սարքավորումների օգնությամբ զննում են ավերված շենքը։ Ըստ Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի՝ շենքի կրկնակի փլուզման վտանգ կա, ուստի փրկարարներն աշխատում են վտանգավոր պայմաններում։
Ավելի վաղ հաջողվել էր փլատակների տակից ողջ դուրս բերել երեք տարեկան աղջկա։ Երեխան փլատակների տակ անցկացրել էր ավելի քան ութ ժամ, սակայն գիտակից էր և տեսանելի վնասվածքներ չուներ։ Բժիշկների տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Թբիլիսիի կլինիկաներում շարունակում են մնալ պայթյունի հետևանքով տուժած երկու անձ։ Եվս երկու հոգու բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։
Քվեմո Փոնիճալայի հինգհարկանի բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան՝ 09:00-ի սահմաններում։ Հարվածային ալիքը վնասել է միջհարկային ծածկերն ու տանիքը, ինչպես նաև ավերել մի քանի աստիճանահարթակ։
Նախնական վարկածով՝ պատահարի պատճառը հինգերորդ հարկի բնակարանի ջեռուցիչից կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Ենթադրվում է, որ բնակարանի սեփականատերը նախորդ օրը երկարատև բացակայությունից հետո տուն էր վերադարձել։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնները խախտելու մասին հոդվածով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 240¹ հոդվածի առաջին մասով։
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ Սամխարաուլիի անվան բյուրոյի հետ համատեղ անցկացրած փորձաքննությամբ շենքի երկու շքամուտքերը ճանաչվել են բնակության համար ոչ պիտանի։ Նախատեսվում է հյուրանոցներում ժամանակավորապես տեղավորել 28 ընտանիքի՝ շուրջ 143 մարդու։





























