Գերմանիայի արդյունաբերության ոլորտի խոշորագույն արհմիությունը՝ IG Metall-ը, մեկօրյա գործադուլ է սկսել մետաղագործական և էլեկտրատեխնիկական ոլորտների համար կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին, հայտնում է dpa-ն։
Բողոքի ակցիաներն առանձին ձեռնարկություններում մեկնարկել են հինգշաբթի, իսկ ուրբաթ դրանց պետք է միանան տասնյակ խոշոր ընկերություններ։ Նախատեսվում են նաև հանրահավաքներ։
Արհմիության ղեկավարության տվյալներով՝ գործադուլի կոչ է արվել Գերմանիայի ամբողջ տարածքում մի քանի հարյուր ձեռնարկությունների աշխատակիցների։ Ակցիաներին մասնակցելու որոշումն ընդունել են համապատասխան ձեռնարկություններում արհմիության անդամները։
IG Metall-ի բանակցային ստորաբաժանման ղեկավար Նադինե Բոգուսլավսկին հայտարարել է, որ գործատուները «ակնհայտորեն լուրջ չեն ընդունել» նախորդ գործադուլները, որոնք տևել էին ընդամենը մի քանի ժամ։ Նրա կարծիքով՝ առանց գործատուների վրա ճնշում գործադրելու հնարավոր չէ ակնկալել աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։
Հատուկ ուշադրություն է դարձվում ավտոմոբիլային արդյունաբերությանը և բաղադրիչների մատակարարներին։ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում սկզբնական փուլում մեկօրյա գործադուլներ են նախատեսված 21 ձեռնարկություններում։ Հարևան Բավարիայում արհմիությունը մտադիր է մեկ ամբողջ օրով դադարեցնել արտադրությունը BMW-ի երեք գործարաններում և Ինգոլշտադտում գտնվող Audi-ի ձեռնարկությունում։ Ակցիային պետք է միանան նաև Bosch-ի և ZF-ի մի քանի գործարաններ։ Երկրի հյուսիսում բողոքի ակցիաները կընդգրկեն Ռոստոկի և Բրեմերհաֆենի նավաշինական ձեռնարկությունները։
Գործատուները խիստ քննադատության են ենթարկել արհմիության գործողությունները։ Բավարիայի գործատուների միավորման ղեկավար Բերտրամ Բրոսարդտը հայտարարել է, որ IG Metall-ը բանակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում, իսկ գործադուլները զգալի վնաս են հասցնում ընկերություններին առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակում։ Ըստ նրա՝ վտանգվում են աշխատատեղերն ու ամբողջական արտադրական հարթակները։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի գործատուների միավորման նախագահ Առնդտ Կիրխհոֆը հակամարտության սրացումը համարել է չափազանցված և անհամաչափ՝ ընդգծելով, որ այն կողմերին չի մոտեցնում համաձայնության։
Արհմիության և գործատուների ներկայացուցիչների երրորդ հանդիպումն ավարտվել է առանց էական առաջընթացի։ Բանակցությունների չորրորդ փուլի ամսաթիվը դեռ նշանակված չէ։
IG Metall-ը պահանջում է 12 ամսվա ընթացքում աշխատավարձերը բարձրացնել 5%-ով։ Գործատուներն առաջարկում են միանվագ վճար, որը կբաշխվի 26 ամսվա վրա, և 2028 թվականին աշխատավարձերի փուլային բարձրացում՝ 1,3%-ով։ Այդ առաջարկը չի փոխհատուցում գնաճի ընդհանուր մակարդակը։ Գործատուներն իրենց դիրքորոշումը բացատրում են բարձր ծախսերով և զգուշացնում, որ անբարենպաստ տնտեսական իրավիճակի պահպանման դեպքում Գերմանիայում կարող են վերանալ հարյուր հազարավոր աշխատատեղեր։
Բացի դրանից, ընկերությունները ձգտում են առանձին ձեռնարկությունների մակարդակով համաձայնագրերի կնքման, որոնք հնարավորություն կտան երաշխավորել ապագա ներդրումները։ Արհմիությունն իր հերթին գործատուներից հստակ և ստուգելի պարտավորություններ է պահանջում։
Ոլորտային կոլեկտիվ պայմանագրի պայմանները տարածվում են Գերմանիայի շուրջ 3,7 միլիոն աշխատողների վրա։ Համապատասխան ոլորտներն ընդգրկում են ավտոմոբիլաշինությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական արտադրությունն ու մետաղամշակումը։




























