Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հետագա գործողությունների վերաբերյալ որոշումը մինչև 2027 թվականի սկիզբը՝ հայտարարելով, որ մտադիր չէ շտապել պատերազմում հաջորդ քայլի ընտրության հարցում։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը շարունակում է դիտարկել Իսրայելի հետ համատեղ Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը, հայտնում է Axios-ը։

«Ես չեմ շտապում Իրանի վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Կտեսնենք, թե ինչ կլինի տարեսկզբից հետո»,- հինգշաբթի՝ Չինաստանից ԱՄՆ վերադառնալիս Air Force One ինքնաթիռում պարբերականին տված կարճ հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։

Հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին։ Վերջինս ձգտում է հասնել Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների արշավի շուտափույթ իրականացմանը։

Միաժամանակ Թրամփի խոսքերը չեն բացառում ռազմական գործողությունների ավելի վաղ մեկնարկը։ Փետրվարին պատերազմի սկսվելու նախօրեին էլ նախագահը հայտարարում էր, որ դեռ որոշում չի ընդունել, թեև արդեն հրամայել էր հարվածներ հասցնել։

Axios-ի տվյալներով՝ հետաձգումը կարող է նշանակել, որ Թրամփը մտադիր է ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի ծովային շրջափակումն ու Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումն արդյունք տան։ Այդ մոտեցմանը կողմ են ԱՄՆ նախագահի բազմաթիվ խորհրդականներ և Պարսից ծոցի երկրների ղեկավարներ։ Սակայն, եթե Իրանը մինչև տարեվերջ զիջումների չգնա, Վաշինգտոնը կարող է փորձել պահպանել ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ նախքան ԱՄՆ նոր Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը, որտեղ վերահսկողությունը կանցնի դեմոկրատներին։

Անցած շաբաթ Թրամփը Իրանին լայնածավալ հարվածների նոր փուլը համարել էր «խիստ անհավանական»։ Սակայն չորեքշաբթի Axios-ը հայտնել է, որ նախագահը շարունակում է դիտարկել Իսրայելի հետ համատեղ գործողության հնարավորությունը։ Սպասվում է, որ հնարավոր սցենարների քննարկումն ավելի կակտիվանա Ասիայից Թրամփի վերադարձից հետո։

Գործողության իրականացման դեպքում ԱՄՆ-ը կարող է գործել Իսրայելի հետ համատեղ։ Հնարավոր թիրախների թվում նշվում են Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտները, դրանց թվում՝ «Փիքեքս Մաունթին» համալիրը, ինչպես նաև կամուրջները, էլեկտրակայաններն ու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների տեղեկություններով՝ Սպիտակ տունը Պենտագոնից և հետախուզության մասնագետներից խնդրել է գնահատել Իրանի հնարավոր պատասխանը ամերիկացի զինվորականների պատրաստած սցենարներից յուրաքանչյուրի դեպքում։ Մասնավորապես, Վաշինգտոնը փորձում է պարզել՝ արդյոք հնարավո՞ր է գործողությունն իրականացնել այնպես, որ խուսափեն Պարսից ծոցի երկրների նավթագազային ենթակառուցվածքներին հասցվող կործանարար պատասխան հարվածներից։

Լրացուցիչ գործոն են դարձել քիմիական զենքի ոլորտում Իրանի ենթադրյալ հետազոտությունների վերաբերյալ Իսրայելի մտահոգությունները։ Անցած շաբաթ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանն այցելել է Վաշինգտոն և Մայամի, որտեղ բանակցել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Ըստ իսրայելական աղբյուրի՝ Նեթանյահուն Գոֆմանին գործուղել է ԱՄՆ, որպեսզի վերջինս հասնի Իրանի դեմ պատերազմի վերսկսմանը։ Ամերիկյան և իսրայելական աղբյուրները հայտնել են, որ «Մոսադի» ղեկավարը միաժամանակ փոխանցել է քիմիական զենքի մշակմանն առնչվող Իրանի գործունեության վերաբերյալ Իսրայելի մտահոգությունները։ Իսրայելը պնդում է, որ հետախուզական տվյալներ ունի այս ոլորտում հետազոտությունների և փորձարկումների ակտիվացման մասին։

Ամերիկացի պաշտոնյայի տվյալներով՝ Թրամփին ծանոթացրել են հետախուզական նոր տեղեկություններին։