Չեխիայում նախադպրոցական տարիքի շուրջ 30 երեխայի տեղափոխող ավտոբուսը հինգշաբթի բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող մարդատար ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով զոհվել է ավտոմեքենայի ղեկին գտնվող կինը, 14 մարդ էլ, նրանց թվում՝ տասը երեխա, վնասվածքներ են ստացել, հայտնում է չեխական CTK գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայության ներկայացուցչին։

Տուժածներից հինգը միջին ծանրության վնասվածքներ են ստացել, մյուսները՝ թեթև։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են երկրի արևմտյան Պլզեն քաղաքի համալսարանական հիվանդանոց։

Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից դեպի թեք լանջը և կողքի թեքվել։ Ճանապարհային արգելապատնեշը թույլ չի տվել, որ այն լանջով ցած ընկնի։ Հրշեջները ստիպված են եղել ուղևորներին տարհանել պատուհաններով։

«Երեխաները լաց էին լինում, նրանք չէին հասկանում, թե ինչ է պատահել»,- չեխական Novinky պարբերականին պատմել է ականատեսը։

Վթարը տեղի է ունեցել պետական նշանակության ավտոճանապարհին՝ Տրժեմոշնա քաղաքի մերձակայքում, Պլզենից մոտ 10 կիլոմետր հյուսիս՝ Արևմտյան Բոհեմիա պատմական շրջանում։

Բախման պատճառները դեռ պարզված չեն։