Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը մոտենում է հալման ջերմաստիճանին: Այդ մասին Turan-ի հետ հարցազրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության գծով ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող Ուեյն Մերրին` Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցից հետո:
Նրա խոսքով`այսօր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսման նշաններ կան»: Մերրին ընդգծել է, որ «Ղարաբաղում պատերազմի վերսկսումն անխուսափելի չէ, բայց հակամարտության վերսկսման հավանականությունը բավական մեծ է եւ շարունակում է աճել»:
«Խնդիրն այն է, որ չկա ռազմական հավասարակշռություն, հակառակը, կա անհամաչափություն հայերի եւ ադրբեջանցիների հնարավորությունների միջեւ: Ոչ ոք չի կարող կանխատեսել նոր պատերազմի ելքը, քանի որ այն սկզբունքորեն կտարբերվի առաջինից եւ ավելի ավերիչ կլինի: Երկու կողմերն էլ ավելի շատ հրազենային հզորություն ունեն, այն դեպքում, երբ նոր հակամարտության պարամետրերը կտարածվեն Ղարաբաղի սահմաններից շատ ավելի այն կողմ, թեեւ դա պարտադիր էլ չէ», - նշել է նա:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում, նա պատասխանել է. «Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը բացահայտ չեն աջակցի այս կամ այն կողմին, թեպետ Ռուսաստանն, անկասկած, պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ»:
«Նրանք քաղաքական միջոցներով կփորձեն հասնել հակամարտության շուտափույթ կարգավորման, սակայն միայն Ռուսաստանը ներուժ ունի Բաքվի կամ Երեւանի վրա ուղղակիորեն ազդելու», - հավելել է նա:
Հարավային Կովկասում նոր հնարավոր պատերազմի հարցերը լրջորեն անհանգստացնում են ԱՄՆ-ի շահագրգիռ շրջանակներին, գրում է Turan-ը: Հաջորդ շաբաթ Վաշինգթոնում Քեննանի ինստիտուտը բանավեճեր կանցկացնի «Որքանով է վտանգավոր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, եւ ինչ կարելի է անել եւս մեկ բացահայտ հակամարտությունից խուսափելու համար» թեմայով: Ուեյն Մերրին, Թոմաս դը Վաալը, Ֆիոնա Հիլլը եւ այլ փորձագետներ իրենց մտքերը կփոխանակեն ամերիկյան քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների հետ:



























