Գերմանիայի մի շարք քաղաքներում տոներին ընդառաջ չեղարկել են Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները՝ միջոցների պակասի և կազմակերպչական դժվարությունների պատճառով։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Bild թերթը։

Պարբերականի տվյալներով՝ միջոցառումների չեղարկման պատճառներից մեկը համայնքների ֆինանսական վիճակի վատթարացումն է։ Այսպես, Կիրխհայմ բայ Մյունխենում ձեռնարկատիրական գործունեության հարկից մուտքերը կկազմեն շուրջ 15 մլն եվրո՝ ակնկալվող 22 մլն եվրոյի փոխարեն։ Արդյունքում տեղական իշխանությունները խնայողության ռեժիմ են սահմանել և հրաժարվել տոնավաճառի ֆինանսավորումից։

Գեստհախտում կազմակերպիչները չեն հասցրել նախապատրաստել միջոցառումը, քանի որ համայնքի տրամադրած 15 հազար եվրո սուբսիդիան հատկացվել է միայն սեպտեմբերի վերջին։ Հագեն-Հոհենլիմբուրգում տոնավաճառը չեղարկել են կազմակերպչի բացակայության պատճառով, իսկ Հաննովերում չի կայանա «Սուրբ Ծնունդը քաղաքի տանիքների վերևում» տոնական միջոցառումը։ Միաժամանակ Հաննովերի կենտրոնում Սուրբ Ծննդյան մյուս տոնավաճառները կկայանան։

Բեռլինում «Ձմեռային երազանք» տոնավաճառի անցկացումն անհնար է դարձել համապատասխան տարածքի բացակայության պատճառով։ Համբուրգի Դուլսբերգ թաղամասում ձմեռային միջոցառումը փակել են ցածր հաճախելիության և անբավարար եկամուտների պատճառով։ Վինտերհաուզենում և Տրիմբուրգում չեղարկման պատճառ են դարձել շինարարական աշխատանքներն ու անվտանգության պահանջները, իսկ Տաննհաուզենում՝ երաշտից և կեղևակեր բզեզների ներխուժումից հետո եղևնուտների մեծ մասի հատումը։

Որոշ քաղաքներ որոշել են պահպանել տոնական միջոցառումները, սակայն կրճատել ծրագիրը։ Նոյ Ուլմում հրաժարվել են կրակային շոուներից՝ դրանք փոխարինելով տեղական խմբերի ելույթներով։ Տաուֆկիրխենում չեղարկել են բեմական ծրագիրը և մեծ դեկորատիվ ձնագնդի տեղադրումը։