Թուրքիայի և ևս 14 երկրների ԱԳ նախարարները ողջունել են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի սահմանած պատժամիջոցները՝ կապված պաղեստինյան տարածքում Իսրայելի բնակավայրաշինական գործունեության հետ, և հույս հայտնել, որ մյուս պետությունները կհետևեն նրանց օրինակին։ Այս մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ։
Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է իսրայելական ութ շինարարական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Դրանք շինարարություն են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերում, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական են համարվում։
«Արտաքին գործերի նախարարները ողջունում են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կառավարությունների որոշումները՝ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ ի պատասխան օկուպացված պաղեստինյան տարածքում Իսրայելի անօրինական բնակավայրաշինական գործունեության, այդ թվում՝ բնակավայրերի կառուցմանը մասնակցող ընկերությունների դեմ միջոցները»,— նշվում է փաստաթղթում, որի տեքստը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հայտարարությանը միացել են Թուրքիան, Ալժիրը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբիան, Մալդիվները, Նիգերը, Պակիստանը, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սոմալին և ԱՄԷ-ն։ Նախարարները նաև ողջունել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը խոչընդոտող կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշումը։
Հայտարարությանը միացած երկրները պաշտպանել են բնակավայրաշինական գործունեության, բնակավայրերի ընդլայնման և բռնակցման քաղաքականության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջազգային միջոցները։ Նրանք կրկին դատապարտել են օկուպացված Արևելյան Երուսաղեմից դեպի արևելք բնակավայրերի կառուցման ծրագիրը և դրա հետ կապված գործողությունները։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի որոշումները մյուս երկրներին կմղեն համանման միջոցներ ձեռնարկելու։





























