Ամերիկյան Visa, Mastercard և JP Morgan Chase ֆինանսական կորպորացիաների հազարավոր հաճախորդների տվյալները հաքերային հարձակման հետևանքով հայտնվել են համացանցում, գրել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ընկերություններին։
«Հինգշաբթի հաքերների մի խումբ շորթող վիրուսի միջոցով Visa-ի, Mastercard-ի և JP Morgan Chase-ի հազարավոր հաճախորդների տվյալների հասանելիություն է ստացել», - նշվել է հրապարակման մեջ։
Ընկերությունների հայտարարությունների համաձայն՝ չարագործները հասանելիություն են ստացել երրորդ կողմի կազմակերպությունների համակարգերին և այդպիսով բացահայտել հաճախորդների մասին տեղեկությունները։ Միաժամանակ, թերթը նշել է, որ կորպորացիաներից ոչ մեկը չի հայտնել, թե կոնկրետ որ ընկերությունների համակարգերն են ենթարկվել հարձակման։
Ինչպես գրել է պարբերականը, JP Morgan-ում նաև պարզաբանել են, որ տեղի ունեցած կիբեռհարձակումը կապված չէ այս շաբաթ ավելի վաղ արձանագրված՝ որոշ հաճախորդների սպասարկման խափանումների հետ։
Երկուշաբթի JP Morgan-ը հայտնել էր տեխնիկական խափանման մասին, որն առաջացել էր բանկի ներքին ապարատային համակարգերում ծրագրային սխալի պատճառով։ Դրա հետևանքով որոշ գործարքների մշակումը սովորականից ավելի երկար էր տևում։ Բանկի ներկայացուցչի խոսքով՝ խափանումը կապված չի եղել կիբեռհարձակման հետ։





























