Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Ալբանիայում հակակառավարական բողոքի ակցիային, հայտնել է Vox պորտալը։
Նոյեմբերի 19-ին ցուցարարներն ավանդական երթով շարժվել են դեպի երկրի վարչապետ Էդի Ռամայի՝ Տիրանայի կենտրոնում գտնվող նստավայրը։ Նրանցից շատերն իրենց հետ ազգային դրոշներ էին բերել։
Ալբանիայում բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան 170 օր։ Ցուցարարները պահանջում են Ռամայի հրաժարականը։ Նրանք դժգոհ են երկրի Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում հանգստավայր կառուցելու՝ իշխանությունների առաջ մղած նախագծից։ Հոկտեմբերի կեսերից բողոքի ակցիաները պարբերաբար վերաճել են ոստիկանության և ակտիվիստների միջև բախումների և կառավարական շենքերը գրոհելու փորձերի։
Ալբանիայի հատուկ հակակոռուպցիոն դատախազությունն ավելի վաղ հետաքննություն էր սկսել արգելոցային գոտու կարգավիճակի փոփոխությունների առնչությամբ։ ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին պատկանող Affinity Partners ներդրումային ընկերությունը ցանկանում է այդ գոտին վերածել հանգստավայրի։ Նախագիծն ընդգրկում է անմարդաբնակ Սազան կղզին և մի քանի հարյուր հեկտար պահպանվող տարածք։





























