ԱՄՆ-ը և եվրոպական երկրները պետք է իրենց զորքերը տեղակայեն Ուկրաինայում՝ անվտանգության երաշխիքների շրջանակում, որոնք ամերիկյան կողմն առաջարկում է դարձնել ՆԱՏՕ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածին համարժեք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Իմ կարծիքով՝ 5-րդ հոդվածի օրինակով իրական երաշխիքների մաս պետք է լինի Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների ուժերի ու ռազմակայանների ներկայությունը։ Առանց դրա, կարծում եմ, դժվար թե հնարավոր լինի խոսել 5-րդ հոդվածի կամ նման մի բանի մասին», — ասել է Զելենսկին լրագրողներին Բեռլինում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է իր տարածքում ամերիկյան զորքերի ֆիզիկական ներկայությամբ՝ Մերձավոր Արևելքի այն երկրների օրինակով, որտեղ ԱՄՆ-ը ռազմակայաններ ունի։ Միաժամանակ, նրա խոսքով, այս պահին միասնական պատկերացում չկա, թե ինչ են նշանակելու Կիևի համար անվտանգության երաշխիքներն առանց Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու։ «Ի՞նչ են անելու գործընկերները, եթե, նույնիսկ ոչ թե «եթե», այլ «երբ» Ռուսաստանը փորձի կրկին հարձակվել։ Սա պետք է հասկանալի լինի ոչ միայն գործընկերներին, այլև հասարակությանը, ներդրողներին, որոնք գալու են Ուկրաինա։ Նրանց հստակ պատասխաններ են պետք», — նշել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը որպես օրինակ բերել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին ԱՄՆ արձագանքը՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ նոր ագրեսիայի պատասխանը պետք է նույնքան հստակ և վճռական լինի։ «Խոսքը նույն սկզբունքի մասին է. մենք մեր գործընկերների հետ միասին պաշտպանելու ենք մեր արժեքներն ու մեր ազատությունը։ Եվ եթե Պուտինը կամ մեկ ուրիշը կրկին հարձակվի մեզ վրա, պատասխանը պետք է իսկապես հզոր լինի», — ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ԱՄՆ-ին հաջողվել է համոզել Կրեմլին, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է հիմնված լինեն ՆԱՏՕ 5-րդ հոդվածի վրա։ Միաժամանակ, նա ընդունել է, որ ռուսական կողմը շարունակում է թերահավատությամբ և անվստահությամբ վերաբերվել այս գաղափարին։ Ըստ 5-րդ հոդվածի՝ ՆԱՏՕ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում նրան պաշտպանում է ամբողջ դաշինքը։ Քուշները նշել է, որ Թրամփը պատրաստ է նման երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն դրանք պետք է դառնան անվտանգության վերաբերյալ ավելի լայն համաձայնագրի մաս։