«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։

Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում՝ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին- խմբ.)։