Եվրամիության անդամակցության ձգտումը նոր սահմանադրության մեջ ամրագրելու օրակարգ չկա, մենք հիմա դրա կարիքը չունենք։ Այս մասին «Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի այն թեզին, որ ինչքան փորձում ենք մերձենալ Արևմուտքի հետ, այնքան ավելի շատ ենք հայտնվում Մոսկվայի գրկում, և օրինակ է բերում այն, որ 2013–ին Սերժ Սարգսյանը, որը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ էր բանակցում, մեկ գիշերում փոխեց որոշումը և ՀՀ–ն մտավ Մաքսային միություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես հարգանքով եմ մոտենում իր դիրքորոշմանը, որովհետև ինքը նախկինում էլ էր նմանատիպ գաղափարներ հայտնել, բայց ես երկու հարց ունեմ, բա ի՞նչ էր ինքը անում այս վերջին 8 տարվա ընթացքում, չէր փորձո՞ւմ մերձանալ Արևմուտքի հետ։

Այդ դեպքում հարց, ինքը ի՞նչ էր անում, ասել, որ ինքը բալանսավորված որևիցե բան էր անում, կլինի սուտ, որովհետև այդպես չի եղել։ Ինքը բալանսավորված քաղաքականություն չի վարել, ինքը Եվրոպամետ ուղղության ճատագովներից մեկն է եղել, բա ինքը ինչո՞վ է զբաղվել վերջին ութ տարվա ընթացքում, ի՞նչ է արել ինքը այդ թեզի շրջանակներում։

Եվ երկրորդ, 2013–ի օրինակը անտեղի է, որովհետև երբ դու ունես ընտրված իշխանություն և քո իշխանությունը չի նշանակվում Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից կամ որևիցե այլ մայրաքաղաքից, դու ես որոշում, թե ինչ անես։ Բազմաթիվ անգամ շատ հարցերում մեր վրա փորձ է արվել մի գիշերվա մեջ չէ, մի ամսվա մեջ, մեզ վրա կրակելով, մեզ վրա հարձակվելով, փորձ է արվել Հայաստանի Հանրապետության ուղին փոխել այս կամ այն կողմ, բայց դա չի ստացվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի ընտրված իշխանություն»։