Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մտադիր է զգալիորեն կրճատել Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեն։ Նրա առաջարկը պետք է ներկայացվի շաբաթ օրը։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ տարածաշրջանային քաղաքականության ֆինանսավորումը կարող է կրճատվել, մինչդեռ ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաները, ինչպես սպասվում է, կմնան անփոփոխ։ Երկու դիվանագետների խոսքով՝ բյուջեի ընդհանուր կրճատումները կարող են կազմել 40 մլրդ եվրո՝ նախորդ նախագծի համեմատ, որն առաջարկել էր ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիան։
ԵՄ նոր յոթնամյա բյուջետային ծրագրի նախագիծը, որը մշակել է Եվրահանձնաժողովը, և որը Կոշտան այժմ փորձում է համաձայնեցնել միության բոլոր երկրների ու կառույցների հետ, նախատեսում էր բյուջեի ծավալի ավելացում, ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերի առանձին հոդվածի ստեղծում և, որպես հետևանք, գյուղատնտեսության և Եվրամիության տնտեսապես հետամնաց շրջանների զարգացման ծախսերի կրճատում։ ԵՄ ծրագրի այս բոլոր դրույթները հրապարակային քննադատության են ենթարկվել միության երկրների և առանձին քաղաքական ուժերի կողմից։ Ընդ որում, եվրոպական քաղաքական դաշտում ամենաքիչ առարկությունները հարուցում է Եվրամիության ռազմական ծախսերի ավելացումը, մինչդեռ հիմնական վեճերն ընթանում են այն հարցի շուրջ, թե ինչի հաշվին է դա արվելու։





























