Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» վերանորոգելուց հետո պահպանելու է իր արտաքին տեսքը: Այդ մասին, այսօր` մայիսի 31-ին, ԱԺ-ում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով «Փակ շուկայի» սեփականատերն է:
Վերջինս հայտարարեց, թե շուկայի տանիքն ինքն իրեն է քանդվել: «Ես չեմ քանդում: Սեյմսիկը տվել է թղթերը, որ հետնամասը լավ վիճակում չէր, ինքն իրեն քանդվել է: Մենք էլ վերականգնելու ենք: Ամբողջությամբ»,- ասաց Ալեքսանյանը` խոստանալով պահպանել կառույցի ճարտարապետական տեսքը:
«Կամարներն էլ ենք վերականգնելու: Այդտեղ շուկա է լինելու, մի քանի հարկ էլ փորում ենք, որ ավտոկանգառ սարքենք»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ավտոկանգառ կառուցելը չի՞ ազդի կառույցի սեյսմակայունության վրա, Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց:
Դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ր այդ մասին ավելի վաղ ասել, որ աղմուկ չբարձրանար, Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որը իր եզրակացությունը կտա: Մի հատ գնացեք հարեւաններին հարցրեք, իրենք կասեն, թե ինչ վիճակում է եղել շուկան: Այդ շուկան հազար տարի է, վատ վիճակում էր: Դուք այդ շուկայի զուգարաններն ու պահեստները տեսե՞լ եք, ինչ վիճակում են եղել»:
«Ես իմ կյանքի մեջ միշտ սարքող եմ եղել: Վերցրեք Ծերեթելին, «տրամվի կրուգը», հիշո՞ւմ եք ինչ վիճակում էր»,- ասաց Ալեքսանյանը` վերջում կրկին խոստանալով պահպանել շուկայի տեսքը:




























