Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը մտադիր է հասնել աշխատակիցների աշխատավարձերի երկամյա սառեցման, պարգևավճարների վերացման և աշխատաժամանակի տևողության վերանայման։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արհմիության հետ առաջիկա բանակցություններում ընկերության ներկայացնելիք պահանջները։

«Volkswagen-ի գործադիր խորհուրդը թիկունքից հարվածում է իր աշխատակիցներին», — հայտարարել է IG Metall արհմիության գլխավոր բանակցող Թորստեն Գրեգերը։

Աշխատավարձերի բարձրացումից հրաժարվելուց բացի՝ ավտոարտադրողի ղեկավարությունն առաջարկում է վերացնել հավելավճարներն ու արձակուրդի լրացուցիչ օրերը, որոնք աշխատակիցներին տրամադրվում են որպես խրախուսանք։ Կոնցեռնը նաև ձգտում է վերանայել 35-ժամյա աշխատանքային շաբաթվա մասին համաձայնագիրը՝ առանց լրացուցիչ վճարումների հերթափոխերի տևողությունն ավելացնելու հնարավորություն ստանալու համար։

IG Metall արհմիությունում դեմ են արտահայտվել ընկերության նախաձեռնություններին։ Գրեգերը նախազգուշացրել է, որ Volkswagen-ի ղեկավարության հետ դիմակայությունը կարող է երկարատև և ծանր լինել, դրա հետևանքները լրջորեն կանդրադառնան կոնցեռնի վրա։

Շուրջ 120 հազար աշխատողի շահերին առնչվող բանակցությունները պետք է մեկնարկեն նոյեմբերի 24-ին՝ գերմանական Էմդեն քաղաքում։ Վերակառուցման ծրագրերի շրջանակում դիտարկվում է 2030-ականների սկզբին չորս գործարան փակելու և շուրջ 100 հազար աշխատակցի կրճատելու հնարավորությունը, նշվել է հոդվածում։ Գործակալության տվյալներով՝ տարեսկզբից Volkswagen-ի շուկայական կապիտալացումը նվազել է 37,6 տոկոսով՝ հասնելով 32,57 մլրդ եվրոյի։