Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր նոր Սահմանադրության հարցը լուծել հանրաքվեով՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ հեռանալ իշխանությունից ինչպես հանրաքվեում նախագծի մերժման, այնպես էլ իր ներկայացրած խաղաղության օրակարգի իրագործման դեպքում։

Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նախագծի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նրա խոսքով՝ նախագծի հրապարակումից հետո կսկսվեն հանրային լայն քննարկումներ։

Նոր Սահմանադրության ընդունման դեմ ընդդիմադիր մի շարք ուժեր նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացնում։ Նրանք պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։