Երեկ հանդիպում եմ ունեցել Գերմանիայի Բունդեսթագում, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Շտեֆան Կոտրեի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչ և հանրային կապերի պատասխանատու ` Արման Աբովյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ընթացքում պարոն Կոտրեին ներկայացրել եմ ժամանակակից Հայաստանի քաղաքական իրողությունները, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը պարզապես անհամաձայնություն հայտնող քաղաքացիները հայտնվում են բանտում, ենթարկվում ապօրինի կալանավորումների և հետապնդումների։

Մանրամասն ներկայացրել եմ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորման, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի նկատմամբ ստի և զրպարտության արշավի հետ կապված իրավիճակը։ Պատմել եմ նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը նախորդած իրադարձությունների մասին։

Մենք մանրամասն քննարկել ենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք իրենց ներկայացնում են որպես ժողովրդավարության բաստիոնի և հայտարարում եվրոպական ժողովրդավարական արժեքներին իրենց հավատարմության մասին, իրականում գործում են ավտորիտարիզմի և բռնապետության ոճով։

Քննարկել ենք նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մեր հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորման և անազատության մեջ պահելու վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր։

Վստահ եմ, որ մեր հանդիպումից հետո այս հարցերը Եվրոպայում կբարձրացվեն ամենաբարձր մակարդակով»։