Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությանը կոչ է արել պատասխանել նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ընդգծելով, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը երկրի քաղաքական օրակարգի առանցքային հարցի շուրջ։
Բանն այն է, որ նոյեմբերի 19-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնել։ Նա հայտարարել է, որ եթե ժողովուրդը այն մերժի, ինքը հրաժարական կտա, իսկ ընդունվելու դեպքում հաջորդ ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Պատգամավորը քննադատել է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների ելույթները՝ հայտարարելով, որ նրանք շեղվել են թե՛ խորհրդարանում, թե՛ հանրության շրջանում քննարկվող հիմնական քաղաքական թեմայից։
«Ստեղծված հանգամանքների բերումով այսօր դուք Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժն եք։ Սա նշանակում է, որ դուք որոշակի քաղաքական գործոն եք և պետք է կարողանաք օգտագործել այդ հանգամանքը, այդ գործոնը։ Դուք նաև պետք է պատասխանեք ձեր ընտրողների հարցերին», - ասել է Խանդանյանը։
Վարչապետի առաջարկը նա բնութագրել է որպես սեփական՝ իշխանությունից հեռանալու բաց ծրագիր՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստանն» արդեն երկու օր է՝ որևէ կերպ չի արձագանքում դրան։
Խանդանյանի գնահատմամբ՝ այս առաջարկի իրականացումը կարող է հանգեցնել ինչպես վարչապետի փոփոխության, այնպես էլ խաղաղության ամրապնդման։
«Հայաստանի հանրությունը ձեզանից արձագանք է ակնկալում այն ծրագրին, որը կհանգեցնի երկու շատ էական արդյունքի։ Նիկոլ Փաշինյանը կդադարի լինել Հայաստանի վարչապետը, իսկ խաղաղությունը կստանա ինստիտուցիոնալ բնույթ և կդառնա անշրջելի։ Ակնկալում եմ, որ ձեր հաջորդ ելույթներում կանդրադառնաք այս թեմային և կասեք, թե որն է ձեր պատասխանը տվյալ ծրագրին», - հայտարարել է պատգամավորը։





























