Գերմանիան և Ավստրիան հանդես են եկել TikTok-ի համար սեփականության եվրոպական կառուցվածք ստեղծելու նախաձեռնությամբ՝ հարթակի եվրոպական բիզնեսը չինական ByteDance ընկերության վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։ Նախագծին հրավիրում են միանալ եվրոպական այլ երկրների։
Նախաձեռնությունը ներկայացրել են Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների հարցերով նախարար Վոլֆրամ Վայմերը և Ավստրիայի թվայնացման հարցերով պետքարտուղար Ալեքսանդեր Պրյոլը, հաղորդել է Bild-ը։ Նրանց մտահղացմամբ՝ եվրոպացի սեփականատերերը պետք է վերահսկողություն ստանան ոչ միայն օգտատերերի տվյալների, այլև հարթակի առաջարկությունների ալգորիթմների և տեխնիկական ենթակառուցվածքի նկատմամբ։
Քաղաքական գործիչներն առաջարկը հիմնավորում են եվրոպացի օգտատերերի տվյալներին Չինաստանի իշխանությունների հասանելիության, ինչպես նաև հանրային կարծիքի վրա TikTok-ի ալգորիթմների ազդեցության վերաբերյալ մտահոգություններով։ Նրանց խոսքով՝ հարթակը Եվրոպայում ունի շուրջ 200 մլն օգտատեր, իսկ Գերմանիայում և Ավստրիայում հավելվածից օգտվում է բնակչության մոտ մեկ երրորդը։
Նախաձեռնության հեղինակները որպես օրինակ բերում են ԱՄՆ-ը։ Այնտեղ հունվարին ByteDance-ը համաձայնագիր է կնքել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որը պետք է հիմնականում պատկանի ամերիկացի սեփականատերերի։ Դա տեղի է ունեցել այն օրենքի ընդունումից հետո, որը պահանջում էր փոխել TikTok-ի ամերիկյան ստորաբաժանման սեփականության կառուցվածքը։





























