Ձերբակալված են Տուլայում ապրիլին հայ գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի նկատմամբ կատարված հարձակման կազմակերպիչները եւ հարձակման մասնակիցը:
Օպերատիվ հետախուզական գործողության ընթացքում մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը Մոսկվային շրջանում ձերբակալվել են այդ հանցագործության կազմակերպիչը, համախոհը եւ 4-րդ հարձակվողը, որին այն ժամանակ հաջողվել էր փախչել դեպքի վայրից: Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ի Տուլայի շրջանի մամլո ծառայությունում: Այժմ բոլոր երեք կասկածյալներն էլ տեղափոխվել են Տուլա:
Ինչպես հայտնում է Life News-ը, ձերբակալված 4-րդ հարձակվողը կովկասյան հանրապետություններից մեկի բազմիցս դատապարտված բնակիչ է: Նրա անունը դեռեւս չի հրապարակվում` հետաքննության շահերից ելնելով:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ողբերգական պատմությունը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Ռուսաստանի Տուլայի երկրամասի Բոգորոդիցկի շրջանի Օկտյաբրսկայա ավանում երեկոյան ժամը իննի սահմաններում ավազակային հարձակում էր կատարվել գործարար Գ. Սարգսյանի տան վրա:
Չորս հանցագործներ (ինչպես պարզվեց, նախկինում դատված), ատրճանակով, դանակներով եւ բեյսբոլի հարվածիչներով զինված, ներխուժել են տուն եւ սկսել ծեծել ոչ միայն տանտիրոջը, այլեւ նրա կնոջը եւ անգամ մանկահասակ չորս երեխաներին, որոնցից ամենակրտսերը գրեթե մեկ տարեկան է: Զենքի սպառնալիքով հանցագործները Սարգսյանից պահանջել են գումար եւ թանկարժեք իրեր: Տղամարդը կատարել է պահանջը, սակայն ավազակներն սկսել են ծեծել ամբողջ ընտանիքին` կանանց, երեխաներին: Եվ երբ նրանցից մեկն ասել է «Ժամանակն է կանանց հետ վերջացնելու», Գ. Սարգսյանը վերցրել է խոհանոցային դանակը եւ հարվածներ հասցրել հարձակվողներին, որոնց հետեւանքով երեքը տեղում մահացել են: Չորրորդը վիրավոր վիճակում հասցրել է փախչել:
Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Սարգսյանի տան հարձակման հնարավոր պատճառներից մեկը նրա որդու պարտքերն են եղել:




























