Հայտնի ռուս բրգաշինարար Մավրոդին հայտարարել է նոր ֆինանսական բուրգի ստեղծման մասին` МММ-2012 անվամբ: Հիշեցնենք, որ երկու բուրգեր նա արդեն կառուցել է` առաջին МММ-94-ը փլվել էր, եւ Մավրոդին պատժաժամկետ էր անցել, երկրորդը` ուկրաինական МММ-2011-ը, կփլվի մոտ ժամանակներս:
Ինչպես բացատրել է Սերգեյ Մավրոդին, նոր բուրգը պետք է մասնավորապես նրա համար, որպեսզի օգնի հնին` МММ-2011-ին, որը մայիսի 30-ին վերջնականպես դադարեցրել է վճարումները: Նախատեսվում է, որ միջոցները, որոնք կստանա նոր բուրգը, մասնավորապես կծախսվեն հնի վրա: Որպեսզի ներդրողները հին բուրգից նորին միջոցներ չփոխանցեն, հնում ներդրումների տոկոսները բարձր կլինեն: Մնացածում բուրգերը չեն տարբերվի, հայտնում է «polit.ru»-ն:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում հակասական լուրեր էին հայտնվել, որ МММ-2011 բուրգի բոլոր բջիջները զրոյացրել են բանկային հաշիվները եւ կանխիկ գումարներ են փոխանցել «վերեւ», իսկ ներդրողներն ակտիվորեն դուրս են բերում փողերը համակարգից` կորցնելով ներդրումների 90%-ը: Ըստ փորձագետների հաշվարկների` МММ-2011-ը պետք է փլվի 2012 թվականի հունիսին, քանի որ այդ ամսին են գերշահութաբեր ներդրումների վճարումները:
Բացի դրանից, Մոսկվայի դատախազությունը, նովոսիբիրսկյանին հաջորդելով, օրերս որոշել է նախաձեռնել Սերգեյ Մավրոդիի քրեական հետապնդումը:




























