Մոսկվայում պահեստային գնդապետին դատապարտել են ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու համար: Վլադիմիր Լազարը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, որը կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ զրկվել է զինվորական կոչումից: 

Վլադիմիր Լազարը, ինչպես հայտնում է դատախազությունը, 2008 թվականին ռուս հավաքածուատերերից մեկից գնել էր տեղագրական քարտեզների ավելի քան 7 հազար էլեկտրոնային պատկերումներ, այնուհետեւ դրանք տարել էր Բելառուս, որտեղ միջնորդի միջոցով փոխանցել էր Ալեքսանդր Լեսմենտին, որն էլ դրանք փոխանցել էր Պենտագոնին, հայտնում է «gazeta.ru»-ն:

Ըստ դատախազության տվյալների` 1970-ականներին Լազարը սովորել է Լենինգրադյան բարձրագույն ռազմատեղագրական հրամանատարական ուսումնարանում` Լեսմենտի հետ: 1994 թվականից Ալեքսանդր Լեսմենտը, որը 90-ականների կեսերից ապրում է Էստոնիայի Հանրապետությունում, «ակտիվ համագործակցում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության հետ եւ կատարում է հանձնարարություն` հավաքելով եւ նրանց փոխանցելով տեղագրական նյութեր, այդ թվում` գաղտնի»: