Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Իսրայել այցելել: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այցը, ինչպես սպասվում է, տեղի կունենա մինչեւ ամռան վերջ:

«Ներկայումս մշակվում է (Պուտինի) Իսրայել այցը: Հուսով ենք, որ մոտ ապագայում նախագահը կայցելի այդ երկիր», - հայտնել է Պեսկովը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա ավելացրել է, որ այցի որոշակի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական  ուղիներով:

Մինչդեռ մի քանի օր առաջ իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին Ռուսաստանի ղեկավարի այցի հստակ ժամկետը` հունիսի 25:

Ինչպես հայտնել էր  IzRus կայքը, Պուտինն Իսրայել կայցելի հունիսի 25-ին եւ հաջորդ առավոտյան կվերադառնա հայրենիք: Նա հանդիպումներ  է նախատեսել նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ՆԳՆ-ի ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ: Պուտինը նաեւ կմասնակցի Նեթանիում կարմիր բանակի զինվորներին նվիրված հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը, որի կառուցման գլխավոր հովանավորը Ռուսաստանի հրեական կոնգրեսն է: