5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է այսօր` մայիսի 31-ին, խմբակցություններն թեկնածություններ են ներկայացրել խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար:
Եթե նախորդ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահներ ունեին 4 խմբակցություններ, ապա այս անգամ միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կունենան հանձնաժողովների նախագահներ: ՀՀԿ-ն կգլխավորի 8 հանձնաժողովներ` ԲՀԿ-ն` 4:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, թե ՀՀԿ-ի կողմից ում թեկնածություններն են առաջարկվել հանձնաժողովների նախագահների պաշտոնում:
Ըստ այդմ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը,
Տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը,
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը,
Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը
Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը,
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը,
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ԲՀԿ-ն թեկնածուներ է ներկայացրել հետեւյալ հանձնաժողովների նախագահների համար.
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը,
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը,
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը,
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Ստեփան Մարգարյանը:
Ներկայումս բոլոր թեկնածուները հերթով ելույթ են ունենում խորհրդարանում:




























