Երեւանում, այսօր` ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը: Դա Արդարադատության նախարարության նախկին շենքն է, որը տարիներ առաջ ամբողջությամբ հրդեհվել էր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պատահարի հետեւանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 59-ամյա Մ. Խաչատրյանը: Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Մ. Խաչատրյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ Երեւանի կենտրոնում երեկ` մայիսի 30-ին եւս մեկ նմանատիպ դեպք էր գրանցվել. Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, եւ երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել:

Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից 53-ամյա Ա. Բարսեղյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժած Ա. Բարսեղյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի