Թուրքիայի միջերկրածովյան Բոդրում հանգստավայրում ավելի քան 80 զբոսաշրջիկներ սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել են տեղի հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում եւ օրվա ընթացքում նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին լրագրողներին հայտնել է Մուղլա նահանգի առողջապահության վարչության ղեկավար: Այս նահանգում են գտնվում Բոդրում, Ջիհան եւ Թեքին քաղաքները:
Նրա խոսքով, հյուրանոցներից մեկի շուրջ 80 զբոսաշրջիկներ, նախօրեին տեղափոխվել են հիվանդանոց. նրանք սրտխառնոց ու փորացավ են ունեցել:
«Տուրիստներից արյան անալիզ ենք վերցրել, ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, մեր բժիշկները որոշել են նրանց մի քանի ժամ պահել հիվանդանոցում, որից հետո դուրս են գրվել»,-ասել է նա, հավելելով, որ խոսքն ամենայն հավանականությամբ սննդային թունավորման մասին է:




























