Սիրիական բանակի եւ զինված ապստամբների միջեւ Դամասկոսի շրջակայքում դաժան մարտեր են ընթանում: Լիբանանյան «Ալ Մուսթաքբալ» հեռուստաընկերության տեղեկություններով, մարտեր են տեղի ունենում Սիթ-Զեյնաբ մզկիթի շրջանում`միջազգային օդանավակայան տանող ավտոմայրուղու մերձակայքում:
Կառավարական զորքերը հարձակվում են նաեւ ապստամբների վրա, որոնք գրավել են լիբանանա-սիրիական սահմանի մոտ գտնվող Էլ Քուսեյրը: Հարձակումը տեղի է ունենում հյուսիսային եւ հարավային ուղղությունից: Քաղաքը անցումային կետ է Լիբանանից ապստամբ խմբավորումներին զենք տեղափոխելու առումով, հաղորդում է «vesti.ru»-ն:
Ռազմական գործողությունները շարունակվում են շաբաթվա սկզբից` Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ջեբել էզ Զավիա լեռնային տեղանքում, որտեղ գտնվում է «Սիրիական ազատ բանակի» հիմնական կայանը:
Հիշեցնենք, որ սիրիական ապստամբները վերջնագիր էին ներկայացրել նախագահ Բաշար Ասադին` նրան տալով 48 ժամ երկրում իրավիճակի կայունացման Քոֆի Անանի մշակած նախագծի իրականացման համար:
Առավոտից շրջափակված են մնում Աբուդիյա եւ Էլ Արիդա անցակետերը, որոնք գտնվում են Տրիպոլի-Հոմս միջազգային մայրուղում:
Սահմանամերձ շրջանների բնակիչները պահանջում են երկու լիբանանցիների ազատումը, որոնք մայիսի 30-ի երեկոյան գերի էին վերցվել սիրիական սահմանապահների կողմից` զինված ընդդիմադիրների հետ կապ ունենալու կասկածանքով: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը դիմել է Դամասկոսին` խնդրելով բաց թողնել ձերբակալված քաղաքացիներին:




























