Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն սպանդից առաջ թմրահաբեր է խմել: Այսպիսին է փորձագետների եզրակացությունը, որը դատարանում բարձրաձայնել է Նորվեգիայի ազգային առողջության ինստիտուտի դատական հոգեբանության բաժնի պետ Յորգ Մելանդը:
Բրեյվիկը հաստատել է, որ ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ կոֆեինի, էֆեդրինի եւ ասպիրինի խառնուրդ է խմել: Մելանդի խոսքով, էֆեդրինը ավելացնում է թթվածնի մատակարարումը թոքերին եւ օգտագործվում ասթմայի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: «Նրա ազդեցությունը նման է ամֆետամինի ազդեցությանը, այն գրգռում ու խթանում է կենտրոնական նյարդային համակարգը»,-ասել է մասնագետը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Փորձագետը հստակեցրել է, որ ըստ ամենայնի, ահաբեկչությունից առաջ Բրեյվիկն ընդունել է 25-100 գրամ էֆեդրին եւ 500-800 մգ կոֆեին: Նրա խոսքով, էֆեդրինն ավելացնում է ագրեսիան եւ մեծացնում բռնի գործողությունների դիմելու հակումը:




























