Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կթռչի հանգուցյալ Թուրքմենբաշիի շքեղ օդանավով: Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են, որ այդ օդանավը գնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա ապրիլին` Թուրքմենստանի ներկա նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Մինսկ այցելության ժամանակ:
Թուրքմենստանի ներկա նախագահը չի ցանկացել թռչել իր նախորդի օդանավով` դա վատ նշան համարելով, հաղորդում է InoPressa-ն:
Boeing-767-300ER-ի սրահը հագեցած է լայն սպիտակ կաշվե բազկաթոռներով, իսկ օդանավի լոգարանը կառուցված է թանկարժեք մետաղներով եւ քարերով: Օդանավի շուկայական արժեքը, տարբեր գնահատականներով, կազմում է 124-160 մլն դոլար:
Օդանավում կա արբանյակային կապ եւ հակաօդային պաշտպանության համակարգ, ինչը եւս բարձրացնում է նրա գինը:
Բելառուսական «Բելավիա» ընկերությունում հայտարարել են, որ եթե նման գնում, իսկապես, կատարվել է, ապա դա իրենց հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ իրենք օդանավեր գնում են միայն քաղաքացիական պարկի համար, հաղորդում է TUT.by պորտալը:
Այդուհանդերձ, լուրը հաստատվել է Միջազգային ավիացիոն ռեեստրի կայքում, որտեղ հայտնվել է հետեւյալ գրությունը. «Boeing 767-32K 33968 926 EW-001PB Belavia ferried 08 may 12 ASB-SAW, for VIP use ex EZ-A700». Գրությունից պարզ է դառնում, որ օդանավը ձեռք է բերվել հենց VIP անձնավորությունների տեղափոխման համար:
Փոխարենը, Լուկաշենկոյի համար նոր օդանավ գնելու մասին ոչինչ հայտնի չէ նրա մամուլի քարտուղարին:




























