Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 31-ին, ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա:
Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգային հարցերին:




























