Մոսկվայում BMW Х 6 մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը փշրել է Ադրբեջանի քաղաքացու ծնոտը` նրա վրա կրակելով գազային ատրճանակից:

Մոսկվայի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից այսօր` մայիսի 31-ին, հայտնել են, որ ժամը 12:30-ին Վերնադսկի փողոցում հետիոտնի եւ BMW Х 6-ի վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վարորդը հանել է ատրճանակը եւ կրակել հետիոտնի ծնոտին, ապա մի քանի անգամ հարվածել դեմքին: Դրանից հետո վարորդը հանգիստ նստել է իր մեքենան ու հեռացել:

Տուժած 58-ամյա ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանները փնտրում են մեքենայի վարորդին, որը դեպքի վայրից դիմել է փախուստի: