Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին,  ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարեւորվել է նաեւ առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաեւ Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հանդիպման պատեհ առիթով շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 6-ին Հայաստանում անցկացված հաջող ընտրությունների կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքին: 

Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի ու ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ եւ ցանկություն ունի իր հնարավորությունների շրջանակում նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ փոխվստահության ամրապնդմանը: