Հայաստանում տասնյակ աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ դրամաշնորհներ են ստացել չինարենի ուսումնասիրության ու դասավանդման ոլորտում ունեցած հաջողությունների համար։

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը պարգևատրել են չինարենի ուսումնասիրության և դասավանդման ամենամյա մրցույթի հաղթողներին։ Բարձր արդյունքներ գրանցած և երկրում չինարենի տարածմանը նպաստած աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու դասախոսները ստացել են դրամաշնորհներ և պատվոգրեր։

Աջակցություն չինարենի ուսումնասիրությանն ու դասավանդմանը

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին։ Նա նշել է, որ չինարեն սովորելը մեծ ջանքեր, համառություն և տարիների աշխատանք է պահանջում․ այն աշխարհի ամենահին ու ամենաբարդ լեզուներից է։

«Արդեն ավելի քան 600 օր է՝ Հայաստանում եմ, և հաճախ եմ ինձ հարցնում՝ եթե հայ երիտասարդ կամ երեխա լինեի, կհամարձակվեի՞ չինարեն սովորել։ Իսկ եթե ուսուցիչ լինեի, կհամարձակվեի՞ այն դասավանդել։ Չէ՞ որ այն աշխարհի ամենահին ու ամենաբարդ լեզուներից է, և այն յուրացնելու համար մեծ ջանքեր ու տարիների ուսում են պետք։

Հպարտանում եմ ձեզնով և հիանում բոլորովդ։ Գուցե ինքս էլ չհամարձակվեի չինարեն սովորել կամ դասավանդել», — ասել է դիվանագետը։

Նա շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին ու բուհերի ռեկտորներին՝ չինարենի դասավանդման համար կայուն պայմաններ ստեղծելու համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում չինարենի ուսուցմանը հետևողականորեն աջակցելու համար։

Լի Սինվեյը հույս է հայտնել, որ Հայաստանում կավելանան չինարենի ուսումնասիրության և դասավանդման հնարավորություններն ու հարթակները։ Նա նաև ակնկալում է, որ դպրոցականներն ու ուսանողներն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն լեզվի նկատմամբ։

«Մոտ ապագայում կկարողանանք իրականացնել այս ամենը։ Դրա համար պետք է միավորենք ջանքերը։ Շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին և մաղթում հաջողություններ ուսման մեջ», — նշել է դեսպանը։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանն ընդգծել է, որ նման միջոցառումներով ոչ միայն գնահատում են մասնակիցների ձեռքբերումները, այլև խթանում Հայաստանում չինարենի դասավանդման զարգացումը։

Նրա խոսքով՝ երկրում տարեցտարի աճում է հետաքրքրությունը չինարենի, ինչպես նաև Չինաստանի պատմության ու մշակույթի նկատմամբ։ Այդ մասին է վկայում դպրոցներում ու բուհերում չինարենի դասավանդման ընդլայնումը։

«Այսօր Հայաստանի յոթ դպրոցներում չինարենը դասավանդում են որպես հիմնական առարկա։ Եվս երկու դպրոց հայտ է ներկայացրել ծրագրին միանալու համար։ Չինարենի դասավանդումը զարգանում է նաև բուհերում․ Հայաստանի երեք համալսարաններում ուսանողներն այն ուսումնասիրում են որպես առաջին լրացուցիչ օտար լեզու», — հայտնել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ նման նախաձեռնություններն օգնում են սովորողներին ու մանկավարժներին տեսնել, որ իրենց աշխատանքը նկատում և գնահատում են։ Դրանք նաև նպաստում են Հայաստանի կրթական համակարգում չինարենի ուսուցման զարգացմանը։