Ամերիկյան զինված ուժերը Սիրիայում կարող են մասնակցել որեւէ ռազմական գործողության  միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւի առկայության դեպքում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:

Ըստ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ղեկավարի` իր խնդիրն այն է, որ արտասահմանում նման առաքելություններ կատարելիս ամերիկյան զորքերը միշտ ունեցել են միջազգային հանրության աջակցությունը: Ըստ նախարարի` Պենտագոնում գոյություն ունեն  գործողությունների նախագծեր «իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում», հաղորդում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի Սիրիայի հարցով նախագծի տապալման դեպքում համաշխարհային հանրությունն ստիպված կլինի գործել ԱԽ-ին շրջանցելով:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը նախօրեին ընդգծել էր, որ դաշինքը չի դիտարկում Սիրիա ռազմական ներխուժման հարցը: Ըստ նրա` Լիբիայի դեմ  գործողություն իրականացնելու որոշման ընդունման համար նախադրյալներ եղել են, իսկ Սիրիա ներխուժումը չի դիտարկվում  իրավիճակի կարգավորման միջոցների շարքում: