Կրեմլ վերադառնալով` Պուտինը վերջ դրեց ռուս-բելառուսական ճգնաժամին. նման կանխատեսումներ են անում ռուսական լրատվամիջոցները` ելնելով Պուտինի Բելառուս կատարած այցի արդյունքներից: Բելառուսի առաջնորդը, շոյված ուշադրությունից (Պուտինի առաջին արտասահմանյան այցը Բելառուսինն էր) նշել է, որ Պուտինի այցն ինքնին շատ ավելի թանկ է տնտեսական այլեւայլ նախագծերից: Դմիտրի Մեդվեդեւի նախագահության օրոք Լուկաշենկոն ակնարկում էր, որ Պուտինն առաջվա նման Ռուսաստանի ղեկավարն է:
Այցի գլխավոր նյութական արդյունքն այն էր, որ Ռուսաստանը համաձայնեց Բելառուսին հատկացնել ԵվրԱզէս-ի հակաճգնաժամային երրորդ փաթեթը` 3 մլրդ դոլարի չափով, որի վերաբերյալ բարդ բանակցություններն ընթանում էին փետրվարից:
Մինսկյան փորձագետները նշում են, որ Պուտինը ոչ երկիմաստ աջակցություն ցույց տվեց Արեւմուտքի կողմից քննադատվող Լուկաշենկոյին եւ արտահայտեց Կրեմլի մերժողական դիրքորոշումն ընդդեմ արեւմտյան ժողովրդավարությունների:
Փաստացի նա իր բելառուսցի դաշնակցին այդ երկրների կողմից հնչող քննադատությունից եւ «ստիպողական ժողովրդավարությունից» պաշտպանելու երաշխիք տվեց:
Վերլուծաբան Ալեքսանդր Կլասկովսկին նշել է, որ Լուկաշենկոն «հոգու համար բալասանի արքայական չափաբաժին ստացավ»:
Համատեղ մամլո ասուլիսում երկու առաջնորդներն էլ վստահություն հայտնեցին ԵՏՀ-ի հիմքի վրա եվրասիական ինտեգրման զարգացման հարցում, ինչը թույլ կտա տնտեսական փոխգործակցության նոր ճարտարապետություն ձեւավորել` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ այս պայմաններում տարօրինակ է հիշել ռուսական հեռուստատեսությամբ վերջերս Լուկաշենկոյի հասցեին հնչած որակումները: Առաջին ալիքը Լուկաշենկոյին խելագար էր անվանել:




























