Ղազախստանում Սաշա Բարոն Քոենի «Բռնակալը» ֆիլմը մայիսի 17-ին կայացած պրեմիերայից երկու շաբաթ անց հանվել է վարձույթից:

Մայիսի 31-ին ֆիլմը պարզապես անհետացել է հանրապետության կինոթատրոնների խաղացանկից: «Ինտերֆիլմ» ընկերությունը, որը ֆիլմի վարձակալն է, չի մեկնաբանում այս տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բռնակալը» կատակերգությունն արգելել են ցուցադրել Տաջիկստանում`«բնակիչների մենթալիտետը հաշվի առնելով»: Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, բացի Թուրքմենստանից, պրեմիերան կայացել էր մայիսի 17-ին:

Քոենի մասնակցությամբ ֆիլմերն առաջին անգամ չէ, որ բախվում են խնդիրների: Այսպես, 2006թ. «Բորատ» ֆիլմը հանրության ոչ միանշանակ արձագանքին էր արժանացել, ֆիլմն արգելվել էր Ռուսաստանի եւ Ղազախստանի վարձույթում:

Կիմ Չեն Իրի հիշատակին նվիրված Լարի Չարլզի նոր ֆիլմում սկանդալային Բարոն Քոենը խաղում է նախագահ-վարչապետ-գեներալ-ծովակալի կամ Գերագույն կառավարիչ գեներալ-ծովակալ Ալադդինի դերը, որը ղեկավարում է նավթով հարուստ երկիրը: