Ղազախստանի իշխանություններն առայժմ պաշտոնական վարկած չեն հայտնում սահմանային ուղեկալում կատարվածի մասին, որտեղ 13 այրված դիակներ էին գտել:
Հաղորդվում է միայն, որ սահմանային ուղեկալն այրվել է, այնտեղ ծառայություն անցնող 15 սահմանապահներից գտնվել են միայն 12-ի մարմինները, երեքն անհետ կորած են:
13-րդ զոհը մոտակայքում գտնվող որսորդական տնտեսությունից է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, գրում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, այրված սահմանային ուղեկալի մասին հաղորդագրությունը ստացվել է մայիսի 31-ին, թեեւ դեպքը մեկ օր առաջ էր տեղի ունեցել:
Ընդ որում, մարդկանց մահվան պաշտոնական պատճառ չէր նշվել: Ավելի ուշ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սահմանապահներին սկզբում սպանել են, այնուհետեւ հրդեհվել է սահմանային ուղեկալը:
Արտակարգ պատահարի մասին նախնական հաղորդագրություններում հավաստիացվում էր, որ ուղեկալից զենք է կորել: Սակայն ավելի ուշ սահմանապահական ծառայությունից հայտնել էին, որ սահմանապահների զենքը գտնվել է դեպքի վայրում:
Լրատվամիջոցներում եւ տեղական համացանցային ֆորումներում քննարկվում են ամենատարբեր վարկածներ` ահաբեկիչների հարձակումից մինչեւ կենցաղային վեճ:


























