Ուկրաինայում բռնել են ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի պայթյունների կազմակերպման երկու կասկածյալների: Այդ մասին, մայիսի 31-ի երեկոյան, հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Վոյցիշենը:
Նրա խոսքով` ձերբակալվել են մինչեւ 40 տարեկան տեղի երկու բնակիչներ: Երկուսի բնութագիրն էլ դրական է, բանակի եւ ուժային կառույցների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել, դատվածություն չունեն: Միեւնույն ժամանակ, ահաբեկչությունները կազմակերպված հանցանք էին, եւ ուժայինները մանրամասն տեղեկատվություն ունեն այդ նախապատրաստությունների մասին: Կասկածյալների տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, որոնք ցույց են տալիս նրանց մասնակցությունը պայթյունների կազմակերպմանը:
Այժմ ձերբակալվածների հետ աշխատում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնում է «Լեւի բերեգը»:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը գիտական աստիճան ունեցող ֆիզիկոս է, որը դասավանդել է տեղական բուհերից մեկում:
Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն պատմել է, որ դնեպրոպետրովսկյան ահաբեկիչները պահանջել են իրենց վճարել 4,5 միլիոն դոլար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի հենց կենտրոնում մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել: Ոչ ոք չէր զոհվել, սակայն 29 մարդ լուրջ վնասվածքներ էին ստացել: 26-ը հիվանդանոց էին տեղափոխվել, այդ թվում` 10 երեխաներ:


























