Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին, մայիսի 31-ին, ընդունել է Քուվեյթի մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը նշանավորվել է երկու երկրների մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության խթանման եւ ընդլայնման հեռանկարների քննարկմամբ: Քուվեյթում ՀՀ դեսպանն առաջարկել է աշխատանքներ սկսել Երեւանի քաղաքապետարանի հետ կապերի ստեղծման եւ խորացման ուղղություններով, նշելով, որ վերոհիշյալ ոլորտում իրավապայմանագրային բազայի ստեղծումն ու փոխայցելությունների մակարդակի ակտիվացումը իր լրջագույն նպաստը կարող է բերել երկու երկրների մայրաքաղաքների մերձեցմանը:
Իր հերթին շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահն ասել է, որ Քուվեյթ այցելելու հրավեր է փոխանցվել Երեւանի քաղաքապետին, ինչը նոր հիմքերի վրա կդնի Երեւանի քաղաքապետարանի եւ Էլ-Քուվեյթի նահանգապետարանի միջեւ համագործակցության հետագա ընթացքը:
Հանդիպման ավարտին նահանգապետը դրվատանքով է խոսել քուվեյթահայ համայնքի մասին` բարձր գնահատելով հայերի նվիրվածությունն ու քուվեյթցիների հետ ընդհանուր ճակատագիր կիսելու նրանց պատրաստակամությունը:


























