Ղազախստանում այրված սահմանային ուղեկալում հայտնաբերվել են եւս երկու զինծառայողների մարմիններ: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղեկալում ծառայում էին 15 սահմանապահներ: Հայտնաբերվել էին նրանցից 12-ի մարմինները, երեքը համարվում էին անհետ կորած: Հայտնաբերվել էր նաեւ հարեւան որսորդական  տնտեսության որսորդի դիակը: 

Փաստորեն, տվյալ պահի դրությամբ, հայտնաբերվել են 14 զինծառայողների մարմիններ, 15-րդի ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Ըստ Ղազախստանի սահմանապահական ծառայության տվյալների` զոհվածների մարմինների մնացորդները տեղափոխվել են Աստանա` գենետիկ փորձաքննություն անցկացնելու համար, օպերատիվ հետախուզական եւ որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը: 

Հիշեցնենք, որ այրված սահմանային ուղեկալի մասին լուրը հայտնվել էր մայիսի 31-ին, թեեւ դեպքը տեղի էր ունեցել մեկ օր առաջ:

Ընդ որում, մարդկանց մահվան պաշտոնական պատճառ չէր նշվել: Ավելի ուշ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սահմանապահներին սկզբում սպանել են, այնուհետեւ հրդեհվել է սահմանային ուղեկալը: