Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հունիսի 1-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Արգենտինայի ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը եւ Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ թեեւ աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարեւորել են նաեւ Արգենտինայում հայ համայնքի դերը:
Նախագահը եւ դեսպան Ալվարես Ռիվերան գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի եւ Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության եւ վստահության վրա հիմնված համագործակցության մասին:
Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու եւ հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար:




























