«Հայռուսգազարդ» ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերը չեն վաճառվում` ներկա պահին նման քննարկումներ օրակարագում չկան: Այդ մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, 20%-ը` ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Ընկերության կանոնադրական կապիտալը 316.6 մլրդ դրամ է:

Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ «ՀայՌուսգազարդն» աշխատում է վնասով, եւ այդ պատճառով ՀՀ կառավարությունը ցանկանում է օտարել իրեն պատկանող բաժնետոմսերը: Իսկ «168 ժամ» թերթը մայիսի 31-ին հոդված էր տպագրել այն մասին, որ «ՀայՌուսգազարդը» պարտավոր է մայիսի 30-ի դրությամբ հրապարակել իր ֆինանսատնտեսական հաշվետվությունը, ինչը չի արել:

«ՀայՌուսգազարդի» ներկայացրած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը կանոնակարգվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով, այսինքն` հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը ոչ թե մայիսի 30-նն է, այլ հուլիսի 1-ը:

«Այժմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունները աուդիտի անցկացման փուլում են: Աուդիտորական ծառայություններ է մատուցում «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհում չորս խոշոր աուդիտորական ընկերություներից մեկի դուստր ընկերությունը:  Աուդիտի անցկացման ավարտից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում Ընկերությունը կհրապարակի իր ֆինանսական հաշվետվությունները»,-նշված է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ: