Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սահմանային անցակետում 15 մարդու մահը ահաբեկչություն է որակել: Այդ մասին նա հայտարարել է իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:

«Ես դա ահաբեկչական ակտ եմ համարում: Հավանաբար, դա տեղի է ունեցել ներքին բախումների արդյունքում: Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է: Զինվորների զորանոցն ու սպաների տունը հրդեհվել է, զոհերի դիակները հայտնաբերվել են փլատակների մաքրման արդյունքում: Երբ նման միջադեպերը տեղի են ունենում խաղաղ ժամանակ, դա մանրազննին հետաքննության կարիք ունի»,- նշել է Նազարբաեւը:

Նախագահը նաեւ ցավակցել է զոհերի հարազատներին եւ մտերիմներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Չինաստանի հետ սահմանային անցակետերից մեկում հայտնաբերվել են 14 սահմանապահների եւ 1 որսորդի դիակներ: Քննիչների խոսքով, նրանց սպանել էին, ապա հրդեհել: