Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը:
Համաձայն «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի` սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, սոցիալական ապահովության քարտի փոխարեն, քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն` հանրային ծառայություններ համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
Ըստ այդմ, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, դադարեցվում են քաղաքացիներին սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների հատկացումը «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից (այդ թվում` սոցիալական ապահովության տարածքային բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների եւ զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով):
Միաժամանակ, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախկինում ՀՀ քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով` որպես հանրային ծառայությունների համարանիշ:
Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը` ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման համաձայն, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու համար, անձը դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն:




























