Մոսկվան չի աջակցում սիրիական հակամարտության կողմերից եւ ոչ մեկին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:

Վլադիմիր Պուտինը նաեւ խորհուրդ է տվել չասել, թե Քոֆի Անանի ծրագիրը կարող է ձախողվել եւ բոլոր երկրներին կոչ է արել օգնել դրա իրականացման գործին: «Մեր խնդիրն է դադարեցնել բռնությունները, ումից էլ որ դրանք բխեն»,- ասել է նա:

Պուտինը նշել է, թե Մերկելի հետ պայմանավորվել է օգտագործել Ռուսաստանի, Գերմանիայի եւ այլ գործընկերների բոլոր հնարավորությունները եւ դրանք ուղղել լարվածության աճը կանխելուն, օգնել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանին` հասնելու դրական արդյունքների:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ Գերմանիան ու Ռուսաստանը մտադիր են անել ամեն ինչ, որ կանխեն քաղաքացիական պատերազմը քանի որ ոչ ոք շահագրգռված չէ դրանում: