Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելու մասին առաջարկ չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Յուրի Վարդանյանը:

Նա նշեց, որ նման քննարկումներ էլ չեն եղել, դեռ ոչ վարչապետ, ոչ նախարար չի նշանակվել եւ նախեւառաջ, պետք է նշանակվի վարչապետ, որից հետո միայն առաջ կգա նախարարների հարցը:

«Ես ինձ ընդունում եմ որպես ծառայող մարդ` կապ չունի դա զինվորական է, թե քաղաքացիական: Ես քաղաքացիական ծառայող եմ, եթե ղեկավարությունը հարմար գտնի, որ ես պետք է լինեմ այստեղ կամ այնտեղ, ես, ըստ երեւույթին, չեմ մերժի, բայց ինչ վերաբերում է, որ դրանից շատ ուրախ լինեմ, այդպես չէ, բայց որ ասենք պիտի տխրեմ կամ մերժեմ, այդպես չէ: Ես իմ տեղում շատ լավ եմ զգում, բայց եթե հարմար գտնեն...»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Յուրի Վարդանյանը: