ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է ներողություն խնդրել իր սխալի համար, որն ինքը թույլ է տվել ԱՄՆ բարձրագույն պարգեւի` Ազատության մեդալի շնորհման ժամանակ:

Օբաման նամակ է հղել իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկիին, որտեղ ներողություն է խնդրել, որ սխալմամբ Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարն անվանել է լեհական:

Օբաման վստահեցրել է Լեհաստանի նախագահին, որ ինքը պարզապես սայթաքել է, որ շատ լավ հասկանում է, որ մահվան ճամբարները, այդ թվում Օսվենցիմը, կառուցել են գերմանացի նացիստները:

Նշենք, որ Օբամայի կողմից «լեհական ճամբարներ» արտահայտությունը բացասական արձագանք է գտել Վարշավայում:

Ավելի ուշ նախագահի սխալի համար ներողություն է խնդրել Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիթորը. «Նախագահը շփոթվել է: Նա խոսում էր Լեհաստանի նացիստական ճամբարների մասին: Մենք ցավում ենք այդ սխալի համար»:

Հիշեցնենք, Օբաման հետմահու պարգեւատրել է Դիմադրության լեհական շարժման մասնակից  Յան Կարսկիին, ով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին պատմել էր Հոլոքոստի սարսափների մասին:

«Թշնամու տարածք մտնելուց առաջ դիմադրության մարտիկները նրան պատմել են հրեաների զանգվածային ոչնչացման մասին եւ տարել նրան վարշավյան գետտո եւ լեհական մահվան ճամբար, որպեսզի սեփական աչքով տեսնի: Յանն այդ տեղեկատվությունը փոխանցել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին. դա Հոլոքոստի մասին առաջին պատմություններից էր եւ կոչ էր անում քայլեր ձեռնարկել», - ասել է ԱՄՆ նախագահը Կարսկիի մասին` պարգեւատրման հանդիսավոր արարողության ընթացքում: