Դնեպրոպետրովսկում ահաբեկչությունների գործը բացահայտվել է, իրավապահները մանրամասն ստուգելու են գործում քաղաքական դրդապատճառների հնարավոր առկայությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի դատախազ Վիկտոր Պշոնկան: Նա նախկինում հայտարարել էր, թե հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է չորս մարդ` Դնեպրոպետրովսկում ահաբեկչության գործով:
Դատախազը նշել է, թե հանցագործության դրդապատճառը շահն է եղել:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իգոր Կալինինը հայտարարել է, թե ձերբակալվածները նոր ահաբեկչությունների սպառնալիքներ են տարածել, եթե իրենց գումար չվճարվի: Կասկածյալները 4,5 միլիոն դոլար են պահանջել:
Հատուկ ծառայությունները որոշակի գումար էին փոխանցել կասկածյալների հաշվին: Կասկածյալները գումար են պահանջել SMS-ների եւ ինտերնետի միջոցով:
Դնեպրոպետրովսկում պայթյունների շարք էր եղել, որի արդյունքում 30 մարդ էր տուժել:




























